ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նահանջ՝ Պուտինի հետ

Նահանջ՝ Պուտինի հետ
13.01.2016 | 10:45

«Վլադիմիր Պուտինի իշխանություն լինելու 17-րդ տարվա սկզբին Ռուսաստանում ակնհայտ են տնտեսական ճգնաժամի ու ճնշումների ուժեղացման նշանները»,- Frankfurter Allgemeine-ում գրում է Ֆրիդրիխ Շմիդտը: Նրա կարծիքով՝ երևույթները փոխկապակցված են: Վերսկսվել են կառավարության կազմի փոփոխության խոսակցությունները, օրինակ՝ Ալեքսեյ Կուդրինի վերադարձի, որ երկար տարիներ ֆինանսների նախարար է եղել ու լիբերալի համբավ ունի: Բայց կադրային փոփոխությունները սիմվոլիկ կլինեն, իշխանության կառուցվածքում ոչինչ չի փոխվի: Նախագահ Պուտինը իր վերջին ելույթներում թողնում է մարդու տպավորություն, որը ճգնաժամը հաղթահարելու ոչ մի գաղափար չունի (եթե չհաշվենք հույսը, որ նավթի գինը ինչ-որ պահի, ինչ-որ կերպ կբարձրանա): Ճգնաժամի բարձրակետը նախագահը մի քանի անգամ անցած հայտարարեց՝ առանց որևէ հիմքի: Որովհետև Ռուսաստանը ռազմական ոլորտում վերադարձրեց համաշխարհային ճանաչումը, Պուտինն առաջվա նման ֆանտաստիկ վարկանիշ ունի, որ կանոնավոր արձանագրում է մամուլը: Օգտագործվում են մշտական հիշեցումները թշնամիների մասին, որ շրջապատել են երկիրը, հարձակվել են կամ պարզապես չարությամբ են տրամադրված: Հասարակական կարծիքի հարցումների աննախադեպ ռեկորդները հնարավոր են դառնում՝ շնորհիվ զանգվածային լրատվամիջոցների վրա Կրեմլի անպարագիծ վերահսկողության, ընդդիմության մեկուսացման և պատժիչ մեխանիզմի՝ ի վերջո պետության նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը նշանակալից գործոն չէ այլևս: Կոշտ վճիռները իշխանությանը քննադատողների նկատմամբ ցույց են տալիս՝ որքան է իշխանությունը հույսեր կապում հասարակության միֆական «կոնսոլիդացիայի» հետ: Սեպտեմբերին Պետդումայի ընտրություններն են: Հազիվ թե խորհրդարանի ստորին պալատը մինչև հիմա ինչ-որ ազդեցություն ուներ, բայց պետական կառույցների ներկայացուցիչների համար կարևոր է ցույց տալ իրենց չեզոքությունը Պուտինի ու համակարգի նկատմամբ, ցուցադրել, որ իրենք վերահսկում են իրավիճակը: ՈՒստի երկրում մնացած ընդդիմության նկատմամբ բռնությունների նոր դրսևորումներ են լինելու:
Ֆրիդրիխ ՇՄԻԴՏ, Frankfurter Allgemeine

Ի՞նչ աշխարհում է Պուտինն ապրում
Գերմանական մամուլում շարունակվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Bild-ին տված հարցազրույցի մեկնաբանությունները:
«Պուտինի շահերը կոռումպացված էլիտայի շահերն են»՝ վերնագրել է Die Welt-ը: Յուլյա Սմիռնովան գրում է՝ Ռուսաստանի նախագահի աշխարհը, որ հաճույքով նկարագրում է օտարերկրյա դիտորդներին, արդարության համար պայքարող մարտիկի աշխարհն է: Ղրիմում, ասենք, Մոսկվան տեղի բնակիչներին պաշտպանության տակ է վերցրել Կիևում «ազգայնական պետական հեղաշրջումից» հետո, Արևմուտքի հետ առճակատման մեջ ինքը՝ Պուտինը պաշտպանում է Ռուսաստանի ազգային շահերը: Հիմա Վլադիմիր Պուտինը այդ փաստարկները կրկնել է Bild-ին տված հարցազրույցում: Բայց ճի՞շտ է, որ Պուտինը պաշտպանում է ռուսների շահերը: Ղրիմի անեքսիան, ՈՒկրաինայի արևելքում քողարկված ռազմական ագրեսիան և հաջորդած պատժամիջոցները հաստատ չեն համապատասխանում բնակչության շահերին: Հասարակության աճող ռազմականացումը, կրթության և առողջապահության հաշվին՝ բանակի ֆինանսավորումը՝ նույնպես: Ռուսների շահերից չեն բխում անիրավահավասարությունը, կոռուպցիան, ժողովրդավարական ինստիտուտների բացակայությունը: Փոխարենը ավտորիտարիզմը և Արևմուտքի առաջ վախը համապատասխանում են Պուտինի շուրջբոլորը խմբված էլիտայի շահերին, որը ուզում է ցանկացած գնով իշխանություն մնալ: Փաստը, որ ժողովրդին սովորեցրել են հավատալ անազատության և նեոիմպերիալիստական փայլի օգտակարությանը, ծառայում է իշխանություն ունեցող նեղ խմբակի շահերին: Ժողովրդավարական համակարգի պայմաններում, որտեղ կանոնավոր կբացահայտվեին կոռուպցիան և հանցագործությունները, որտեղ գաղափարների և քաղաքական կուսակցությունների մրցակցություն կլիներ, չէր ստացվի այդքան երկար իշխանություն մնալը: Դա պիտի հիշեն արևմտյան այն քաղաքական գործիչները, որ հաճույքով հետևում են Պուտինի փաստարկներին և ռուսների ազգային շահերը հարգելու կոչեր են անում: Դրանով նրանք ամրապնդում են կոռումպացված էլիտայի քաղաքական բռնության հետ կապված շահերը, այլ ոչ թե մեծ երկրի, որի ապագան հիմա քամուն են տալիս:
Պուտինի աշխարհի մասին է գրում Frankfurter Allgemeine-ում Ռայնհարդ Ֆեզերը: Պուտինի պատկերացումներով՝ աշխարհը պարզ ու թափանցիկ է. ինքը ճիշտ է, մնացածը՝ սխալ: Հետևաբար իր քաղաքականության քննադատությունը չի կարող հիմնավոր լինել, այլ անպայման մութ ուժերի ձեռքի գործն է: Այս շաբլոնը օգտագործվում է ընդդիմության դեմ, որին հախուռն վերագրվում է գործունեություն ի շահ Ռուսաստանի թշնամիների: Այս սխեմայով Bild-ին տված հարցազրույցում Պուտինը բացատրում է գործնականում բոլոր ճանաչված գերմանական լրատվամիջոցների (անկախ այլ հարցերում՝ քաղաքական դիրքորոշումից) անբարեհաճությունն իր նկատմամբ: Նրա կարծիքով՝ գերմանական մամուլը «շատ ուժեղ ազդեցության տակ է, նախ և առաջ՝ օվկիանոսի այն կողմից»: Եթե այդպես է, հաշվի առնելով, որ գերմանական պարբերականները սուր քննադատում են ԱՄՆ-ին (մահապատժի ինստիտուտի, իրաքյան պատերազմի, Գուանտանամոյի, Ազգային անվտանգության գործակալության, ոչսպիտակամորթների նկատմամբ ոստիկանական բռնության և շատ այլ հարցերում), անդրօվկիանոսյան ազդեցության գործակալները ձախողում են գործը կամ անհավանական խորամանկ են գործում՝ քողարկելով իրենց իրական խնդիրները՝ ԱՄՆ-ի մշտական քննադատությամբ:


Հ.Գ. Bild-ին տված ՌԴ նախագահի հարցազրույցին հետևեցին ավելի շատ մեկնաբանություններ, քան բուն հարցազրույցն էր: Քննադատության կամ հավանության փաստը մի կողմ թողնենք՝ ինքնին անհասկանալի է, եթե ՌԴ նախագահը այդքան սխալներ է գործում և այդքան վատ է վիճակը Ռուսաստանում, ինչո՞ւ է նա միշտ ուշադրության կենտրոնում: Իսկ գուցե խնդիրը բնավ էլ Վլադիմիր Պուտինի պայծառ կամ ոչ պայծառ անձը չէ, այլ միջազգային ասպարեզում վճռական ու ուժեղ անհատականության բացակայությունը: Եվրոպացի նախագահներն ու վարչապետերը միմյանցից տարբերվում են անուն-ազգանուններով, նրանք իդեալական կառավարիչներ են իդեալական պայմաններում, բայց ճգնաժամային իրավիճակներում՝ տնտեսական ճգնաժամեր, ահաբեկչություններ, բնական ու արհեստածին աղետներ, նրանք դառնում են անօգնական ու սպասում են կառավարման: Հենց այդ հարթության մեջ բերում է Պուտինի բախտը, որ անցել է կառավարման բոլորովին այլ դպրոց, որ, հակառակը, սովոր չէ նորմալ պայմանների, որովհետև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սկսվել ու չի ավարտվում էքստրեմալ իրավիճակը հետխորհրդային տարածքում: ՈՒ գուցե հենց այդ պատճառով չի ավարտվում, որ անկախ պետությունների կառավարիչները նորմալ պայմաններում աշխատանքի փորձ ու պատկերացում չունեն: Ցավոք: Բարձր կենսամակարդակով ու էքստրեմալ իրավիճակների բացակայությամբ պայմանավորված՝ քնքշացած Արևմուտքն ու ցածր կենսամակարդակով, մշտապես էքստրեմալ պայմաններում ապրող և այդ պատճառով՝ մարտական Արևելքը միմյանց հասկանալու համար շատ հակասական ելակետեր ունեն: Գուցե Եվրոպան իրար խառնած մուսուլման միգրանտները արթնացնե՞ն եվրոպացիների ընդարմացած դիմադրողականությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ